2 հունիսի 2012 - 17:13 AMT
Շահան Կանդահարյան. Հակակշռումը միակուսակցականությանը բխում է պետության և հանրության շահերից

Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն իր հերթական հոդվածում մեկնաբանել է նոր իշխող կոալիցիայի մեջ չմտնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը: Նրա խոսքով` առաջին հայացքից այդ որոշումը կարող է կտրուկ փոփոխություններ ապահովել քաղաքական դաշտում, հակակշռել միակուսակցական իշխանությանը:

Ընդ որում Կանդահարյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստանի» այս քայլին տարբեր բացատրություններ կան: Դրանցից մեկի համաձայն` ԲՀԿ քայլը բացատրվում է 2013թ. նախագահական ընտրություններում ՀՀԿ ղեկավար և գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանն օժանդակելուց հրաժարվելով: Այդ կապակցությամբ խմբագիրը նկատել է, որ շատերը համարում են, թե ԲՀԿ քայլի հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կանդահարյանը հավելում է, որ այդ վարկածին հակասում է մյուսը, որի համաձայն` ԲՀԿ այդ քայլը խաղ է` կոչված ստանալու ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի ձայները: Խաղի նպատակն է իշխանությանն ապահովել վերահսկողությունը քաղաքական դաշտի ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր հատվածի հանդեպ:

Ամփոփելով հոդվածը` Կանդահարյանը նշում է, որ այժմ ողջ հանրության ուշադրությունը գամված է ԲՀԿ-ին, քանի որ հակակշռումը միակուսակցականությանը բխում է պետության և հանրության շահերից: