4 հունիսի 2012 - 11:47 AMT
Երևանում տեղի կունենա «Կառավարման դերը ավանդների երաշխավորման համակարգերում» միջազգային սեմինարը

Հունիսի 7-8-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կառավարման դերը ավանդների երաշխավորման համակարգերում» միջազգային սեմինարը, որը Ավանդների ապահովագրման եվրոպական ֆորումի հերթական սեմինարներից է:

Սեմինարի ընթացքում ներկայացվելու է կառավարման դերը ավանդների ապահովագրման համակարգերում: Սեմինարի ընթացքում կներկայացվեն նաև տարբեր երկրների կողմից ավանդների ապահովագրման համակարգերի կառավարման լավագույն փորձերը, այդ թվում՝ եվրոպական երկրներում կառավարման ոլորտի կանոնակարգումը:

Սեմինարին մասնակցելու են 16 երկրներից ավանդների ապահովագրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2005թ.-ին` որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ: Հիմնադրամի առաքելություն է` ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը, բարձրացնել բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահությունը և հուսալիությունը` ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:

2006թ. նոյեմբերին Հիմնադրամը պաշտոնապես անդամագրվել է Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումին (EFDI): Ավանդների ապահովագրման եվրոպական ֆորումի նպատակն է ֆինանսական համակարգերի կայունությանը նպաստելը` ավանդների ապահովագրման ոլորտում եվրոպական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ քննարկումների, տեղեկատվության փոխանակման միջոցով: