4 հունիսի 2012 - 12:37 AMT
Վարդան Մինասյան. Հույների հետ խաղում մեր ֆուտբոլիստները տարբեր պատրաստվածության աստիճան ունեին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հույների հետ ընկերական խաղում, որում իր սաները զիջել են նվազագույն հաշվով, չստացվեց խաղի կառուցումն ու հարձակումը: «Մենք նոր սխեմա էինք մտածել, ինչ-որ չափով երևի դրա հետ էր կապված նման արդյունքը: Առաջին խաղակեսում գնդակով խաղը չստացվեց, ինչպես նաև խնդիրներ եղան գնդակը խլելու և ստանդարտների հետ: Մրցակիցը հենց ստանդարտները լավ օգտագործեց, և գոլն էլ այդպիսի դիրքից խփվեց: Երկորդ կեսում խաղը կարգավորվեց, և կարողացանք ստեղծել գոլային պահեր: Ես հստակ տեսա, որ խաղացողները տարբեր պատրաստվածության աստիճան ունեին, ոմանք հոգնած էին, մյուսները վնասվածքներ ունեին, որոնք էլ խանգարեցին ողջ ուժող խաղալ»,- ասաց նա:

Հունիսի 5-ին Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի ղազախների հետ: Ըստ մարզչի, այդ խաղում դիրքային փոփոխություններ կլինեն և կրկին կփորձարկվի նոր սխեմա: Մինասյանը ֆուտբոլիստներից պահանջվում է տակտիկական ճկունություն ցուցաբերել, ինչը ենթադրում է մրցակցի ոճից ելնելով` խաղի ընթացքում փոխել խաղի սխեման և արագ հարմարվել դրան: «Ղազախների խաղը ուսումնասիրել ենք և լավ ծանոթ ենք նրանց ոճին: Անգլիական ոճով են խաղում` կիրառելով երկար փոխանցումներ: Սակայն խաղաոճով Ղազախստանի հավաքականը նման չէ ԱԱ ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներին»,- հավելեց նա:

Մարզիչն ընդգծեց, որ կազմի առումով արդեն կողմորոշվել է և միայն պաշտպանությունում մեկ խաղացողի հետ կապված հստակ որոշում չի կայացրել: Մինասյանն ասաց, որ Ռոման Բերեզովսկու փոխարեն հավաքականի դարպասը կպաշտպանի Գևորգ Կասպարովը: