23 հուլիսի 2004 - 18:18 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-ԻՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔ-2004» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՄԵԿ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ
Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) դիմում է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` խնդրելով սեպտեմբերին Ադրբեջանում նախատեսված «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններն անցկացնել մեկ այլ երկրում: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, այդ խնդրանքը բացատրվում է նրանով, որ զորավարժություններին հայ զինվորականների ժամանումը Բաքու անցանկալի է եւ կարող է հասարակության մեջ դիմակայություն առաջացնել: ՂԱԿ-ը հայտարարել է, որ «մինչեւ ամբողջովին չազատագրվեն զավթված հողերը եւ չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայերը չպետք է այցելեն Բաքու»: Հեղինակները նշում են, որ հնարավոր հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության եւ ՆԱՏՕ-ի վրա: