4 հունիսի 2012 - 14:18 AMT
Հատուկ կարիքներով երեխաների համար ներառական թատերախումբ կստեղծվի

Մեկնարկել է «ԱրմենՏել» ընկերության և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ ծրագիր, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Համագործակցության շրջանակներում ստեղծվելու է ներառական թատերական խումբ: «Արմենտել» ընկերության լրատվական ծառայության հաղորդմամբ, հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները կներգրավվեն մանկական թատերական ներկայացումներում, որոնք բեմադրվելու են փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ:

«Այս նախաձեռնության շնորհիվ հատուկ կարիքով երեխաները հաղորդակից են դառնում թատերական արվեստին, ինչը լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի և հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Սա նաև հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երևանի, Վանաձորի և Գյումրիի ներառական և հանրակրթական դպրոցներում: Առաջին ներկայացումը հասանելի կլինի հայ հանդիսատեսին սեպտեմբերի սկզբին: