24 հուլիսի 2004 - 19:15 AMT
ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ԱՇՆԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը կայցելի Հայաստան 2004 թվականի նոյեմբերի սկզբին: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանն է հաղորդել աղբյուրը Բրյուսելում: Աղբյուրի համաձայն, Սխեֆերի այցը կարող է կապված լինել ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ընդունած որոշումների հետ: Ինչպես հայտնի է, Ստամբուլում դաշինքի ղեկավարությունը հայտարարել է Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջանների հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ ակտիվացնելու որոշման մասին: «Ահաբեկչությունը եւ զենքի տարածումը երկու գլոբալ մարտահրավերներ են: Դրանց դեմ պայքարելու համար մեզ հարկավոր է ավելի լայն կոալիցիա, քան ՆԱՏՕ-ի կազմակերպությունը,- հայտարարել է Սխեֆերը:- Այդ պատճառով մենք առաջարկել ենք նոր գաղափարներ ապագա գործընկերության, ահաբեկչության դեմ պայքարի եւ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ»: Իր հերթին, Ստամբուլում Հայաստանը ներկայացնող արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերադառնալով Երեւան հայտարարել էր, որ Կովկասի գծով ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը առիթ չի տալիս խոսելու տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացման մասին, նույնիսկ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ Հարավային Կովկասի մյուս երկու երկրների` Ադրբեջանի եւ Վրաստանի ձգտումը ինտեգրվելու Դաշինքին: