IBA բելգիական ընկերությունը Երևանում նոր ուռուցքաբանական կենտրոնին 2,5 մլն եվրոյի սարքավորումներ կտրամադրի

IBA բելգիական ընկերությունը Երևանում նոր ուռուցքաբանական կենտրոնին 2,5 մլն եվրոյի սարքավորումներ կտրամադրի

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Բելգիայի Թագավորություն է ժամանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Վարչապետը նախ այցելել է Լուվեն քաղաքում տեղակայված Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որը գործունեություն է ծավալում միջուկային բժշկության ոլորտում և զբաղվում է այդ բնագավառի սարքավորումների արտադրությամբ: Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում` ծանոթացել արտադրական գործընթացներին:

Վարչապետի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և IBA ընկերության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և IBA ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեն:

Համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին մինչ 2013 թվականի փետրվարի մեկը կմատակարարվեն 2,5 մլն եվրոյի համապատասխան սարքավորումներ և կիրականացվի տեխնիկական աջակցություն:

Գերժամանակակից կենտրոնը հիմնվում է Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում և կողմերի համագործակցությամբ: Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունք. լաբորատորիա` ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն` Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռևս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, և կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը:

Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը և մահացությունների նվազմանը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ և կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը:

Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո:

Վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը:

Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի: Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.`185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---