5 հունիսի 2012 - 11:42 AMT
Հայաստանի վարչապետն ու ԵԺԿ նախագահը քննարկել են եվրաինտեգրման հարցը

Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետական և Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունների միջև հաստատված երկկողմ համագործակցությունը: ԵԺԿ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի և ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու առթիվ:

Նշելով, որ ընտրությունները լավագույնն էին Հայաստանի պատմության մեջ` Տիգրան Սարգսյանն ասել է. «Հայաստանի իշխանությունները մեծապես շահագրգռված են և լի են վճռականությամբ մինչ 2013 թվականի նախագահական ընտրությունները վերացնելու արձանագրված ընտրական թերությունները»:

ՀՀ վարչապետը և Ուիլֆրիդ Մարթենզն անդրադարձել են նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու առաջիկա համատեղ ծրագրերին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս խորացնել ու ամրապնդել երկկողմ կապերը և գործակցությունը: