5 հունիսի 2012 - 14:18 AMT
Հրանտ Մելիք-Շահնազարյան. ԱՄՆ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի դեմ «երկրորդ ճակատ»

Պատերազմն Իրանի հետ ցանկալի զարգացում չէ ԱՄՆ համար, թեև չի բացառվում, գտնում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «ԱՄՆ-ն այժմ Իրանի հետ հաջող պատերազմի համար նման ներուժ չունի»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով` ԱՄՆ-ն անգամ Իրաքում մինչև վերջ չկարողացավ լուծել խնդիրները, հասնել իրադրության որակական փոփոխության Աֆղանստանում, փոխարենը ստացավ խնդիրներ Պակիստանում, Իրանում և արաբական աշխարհում:

Իրանական հիմնախնդրի համատեքստում քաղաքագետը հայտնել է, որ ԱՄՆ-ը մեծ հաճույքով է հետևում Ադրբեջանի ռազմականացմանը: «Իմ խորին համոզմամբ` Վաշինգտոնում դա դիտարկվում է որպես Իրանի դեմ օգտագործելու հնարավորություն»,- նկատել է նա:

Մելիք-Շահնազարյանի խոսքով` ԱՄՆ-ը Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի դեմ «երկրորդ ճակատ» և ոչ միայն զուտ ռազմական տեսակետից, այլև Իրանում իրադրության ապակայունացման նպատակով:

Քաղաքագետը հավելել է, որ իրանական հիմնախնդրին է նվիրված նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը, որի նպատակն է ծանոթանալ երկրների դիրքորոշմանն այդ հարցի վերաբերյալ: