5 հունիսի 2012 - 16:49 AMT
Անրի Ռենո. Ֆրանսիան հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսական մթերքներով

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի առաջարկով հունիսի 5 -ին ընդունել է վերջինիս գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ հյուրի խնդրանքով Սերգո Կարապետյանն անդրադարձել է վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներին` նշելով, որ 2011 – ին հաջողվել է ոլորտում ապահովել երկնիշ աճ, և այդ միտումը կշարունակվի նաև այս տարի:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ ինտենսիվ հանդիպումներին ու քննարկումներին նոր լիցք կհաղորդի սեպտեմբերին համատեղ ուժերով կազմակերպվելիք գյուղատնտեսական սեմինարը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ԵՄ TAEIX գործիքի օժանդակությամբ կազմակերպել այս կոնֆերանսը, որը կտա մի շարք կարևոր հարցերի պատասխանները: Սա կլինի առաջին գործնական քայլը,որին կհաջորդի կոնկրետ ոլորտներում համագործակցությունը», - հանդիպման ընթացքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը` հատկապես մատնանշելով արտահանման ոլորտի խթանման անհրաժեշտությունը:

«Ներքին շուկայի պահանջարկը, հատկապես բանջարեղենի և պտղի առումով, կարողանում ենք բավարարել: Այսօր ձգտում ենք ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված գյուղանտեսական արտադրանքի արտահանումը մեծացնել ռուսական և եվրոպական շուկաներում», - հավելել է Սերգո Կարապետյանը` նշելով, որ Ֆրանսիա ևս վերամշակված արտադարքն է արտահանվում, սակայն առկա ծավալները մեծացնելու անհրաժեշտություն կա:

«Անցյալ տարի, օրինակ, կարողացանք արտահանել զգալի քանակությամբ ծիրան և խաղող: Այս տարի այդ ծավալները էականորեն կմեծացվեն: Այն կազմակերպությունները` այդ թվում ֆրանսիական, որոնք կցանկանան իրականացնել արտահանում, կստանան մեր աջակցությունը:ՀՀ կառավարությունն այս առումով սահմանել է զգալի արտոնություններ` դյուրացնելով արտահանման գործընթացը», - ընդդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաև «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի գործունեությանը:

ՀՀ – ում Ֆրանսիայի դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերում` նշելով, որ մինչ այս հանդիպել է Ֆրանսիայի մեծածախ առևտրի շուկայի` Ռենջիսի ներկայացուցիչների հետ: «Նրանք հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսական մթերքներով` մասնավորապես բանջարեղենի և մրգի արտահանմամբ: Հավանաբար շուտով կմեկնարկի այդ գործընթացը: Գյուղատնտեսության ոլորտով զբաղվող փաստաբանական ընկերության ղեկավար Ֆաննի Մարի Բրիզդեի այցելությունը Հայաստան իր նպաստը կբերի հետագա համագործակցության ու գործնական առաջարկների կյանքի կոչման հարցում», -ներկայացնելով հյուրին` նշել է ՀՀ - ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Հանդիպման ավարտին Անրի Ռենոն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին ջերմ ընդունելության ու հագեցած քննարկման համար` վերահաստատելով Սերգո Կարապետյանի հրավերը Ֆրանսիա, որը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք գյուղատնտեսական կոնֆերանսից հետո: