Հայաստանը մասնակցում է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին

Հայաստանը մասնակցում է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ֆրանսիական Անսի քաղաքում բացվել է անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանը` «Ճանապարհորդություն» անունով ոչ մրցութային ծրագրում: Այստեղ ներկայացվում են փառատոնի սիրված ֆիլմերը, անվանի մուլտիպլիկատորների աշխատանքները և ներկա շուկայի առաջատար մուլտֆիլմերը:

«Սահակյանց փրոդաքշն» ընկերությունը ներկայանում է արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի գործերի հետահայաց ցուցադրությամբ, որը կոչվում է «Ռոբերտ Սահակյանցի համարձակ, պարադոքսային և խենթ աշխարհը»: Ծրագրում ներկայացված են Սահակյանցի հայտնի և սիրված «Աղվեսագիրք» , «Կիկոս», «Բարեկենդան», «Խոսող ձուկը», «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրներում», «Սուտասան», «Սեղմակոճակ» , «Կացին», «Ամեն ինչ լավ է» մուլտֆիլմերը:

Հայկական 2-րդ ծրագիրը կոչվում է «Անկախ անիմացիայի 20 տարիները Հայաստանում»: Այստեղ ներկայացված են հայ մուլտիպլիկատորների 15 մուլտֆիլմեր, որոնք անդրադառնում են անկախության առաջին տարիներին առկա սոցիալական և քաղաքական խնդիրներին:

Փառատոնի օրերին հայկական պատվիրակությունը կներկայանա նաև փառատոնի Անիմացիոն ֆիլմերի միջազգային շուկայում «Սահակյանց փրոդաքշնի» տաղավարով: Այս հեղինակավոր շուկան արդեն 25 տարի է համարվում է աշխարհի մուլտարտադրողների օրացույցի կարևորագույն օրը:

Այս տարի փառատոնին մասնակցում է 7000 ներկայացուցիչ 80 երկրներից: Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրում ցուցադրվելու է 500 ֆիլմ:

Մրցութային ծրագրում ընդգրկված է 10 լիամետրաժ, 49 կարճամետրաժ, 55 ավարտական և 60 հեռուստատեսային և կոմերցիոն ֆիլմ: Ոչ մրցութային ծրագրում ներառված են 10 լիամետրաժ, 40 կարճամետրաժ ֆիլմ և 5 փակ դիտում պրեմիերայից առաջ: Այսօրվա դրությամբ 120.000 տոմս է վաճառվել և դեռ հերթեր են գոյանում տոմսարկղերի մոտ:

Փառատոնի ընթացքում լինում են նաև մուլտարտադրող հեղինակավոր ընկերությունների մամուլի ասուլիսներ, գործնական դասընթացներ, ստեղծագործական ֆորումներ և այլ անակնկալ միջոցառումներ:

Կա նաև բացօթյա հսկա էկրան , որտեղ ցուցադրվում են հայտնի մուլտֆիլմեր , օրինակ` Դիսնեյի «Քնած դշխուհին և 7 քաջերը» մուլտֆիլմի վերականգնված տարբերակը նոր որակով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---