6 հունիսի 2012 - 15:06 AMT
Բագրատ Ասատրյան. Ժողովուրդը վճարում է դատարկ մարմնի` նոր խորհրդարանի, գոյության համար

Իրավիճակը, որը տիրում է Հայաստանի արժույթային շուկայում, երբ հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրությունների արդյունք է: Նման կարծիք հունիսի 6-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Ընտրություններից միայն մի քանի օր առաջ կանխիկ գումարն ավելացել է 10 տոկոսով: «Բարեգործները» առատորեն գումարներ էին բաժանում և ոչ մի պետական մարմին չնկատեց դա: Մենք ձեզ հետ միասին, վճարում ենք դատարկ մարմնի` նոր խորհրդարանի, գոյության համար»,-հայտարարել է նա:

Այս առնչությամբ Ասատրյանն ընդգծել է, որ նոր խորհրդարանը ոչնչով չի տարբերվում հնից` չբացառելով մինչև տարեվերջ իշխանությունների «մեծ ախորժակի» բավարարման հաշվին ինֆլյացիայի աճի հնարավորությունը:

Իր հերթին տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը հավելել է, որ Հայաստանի փոքր տնտեսությունը, բնականաբար, չէր կարող չարձագանքել երկրում տեղի ունեցած իրադարձություններին: Ուստի, տնտեսագետի կարծիքով, նոր իշխանությունների հետագա քաղաքականությունը պետք է լինի առաջխաղացմանը նպաստող, որպեսզի նպաստի երկրի մակրոտնտեսական կայունությանը:

Ավելին, Թաթուլ Մանասերյանը ուշադրություն է դարձրել, որ ԱՄՆ դոլարի նկատմամաբ ազգային դրամների արժեզրկում է դիտվում նաև բազմաթիվ այլ երկրներում, մասնավորապես` հետխորհրդային պետություններում: «Սակայն խոսել այն մասին, որ դա դրականորեն կանդրադառնա արտահանման վրա, սխալ է, քանի որ Հայստանը խնդիրներ ունի արտաքին շուկաներում իր արտադարանքի մրցունակության հետ»,-ընդգծում է նա:

Հունիսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Ընդ որում, հունիսի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,34 դրամ`հունիսի 4-ի համեմատ ավելանալով 1,25կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 507,65 դրամ` ավելանալով 1,60 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,25 կետով` կազմելով 12,27 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: