6 հունիսի 2012 - 13:52 AMT
Շառլ Ազնավուրի հրապարակի և Օղակաձև զբոսայգու շատրվանները վերագործարկվել են. արարողությանը մասնակցել է նաև քաղաքապետը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ:

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:

1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել են վնասված եզրաքարերը: Շատրվանի միջնամասի գեղարվեստական ձևավորման համար օգտագործվել են ջրակայուն հատուկ ներկեր, իսկ երեկոյան ժամերին շատրավանն անցորդներին կհիացնի գեղազարդ լուսավորությամբ:

Օղակաձև զբոսայգու շատրվանի մասով պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, պահպանելով կառույցի ճարտարապետական տեսքն ու լուծումները, շատրվանը ձևավորվել է նաև գիշերային լուսավորությամբ: