6 հունիսի 2012 - 15:58 AMT
Հայաստանում ձևավորված ջրի կառավարման համակարգն օրինակելի է եվրոպական երկրների համար

Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի Ամբերին: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Թիերի Ամբերը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները: Մասնավորապես, այն 2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարան, որտեղ Եվրոպայի 25 երկիր ներկայացնող 18-23 տարեկան երիտասարդները ջրային հիմնախնդիրներին նվիրված ամենատարբեր հարցեր են բարձրացնում և քննարկում` իրենց եզրակացությունները ներկայացնելով խորհրդարաններին, կառավարություններին, պատկան մարմիններին: Թիերի Ամբերը նշեց, որ հետաքրքրված են նաև այդ աշխատանքներին ԱՊՀ երկրների երիտասարդների մասնակցությամբ: Նրա խոսքով` Հայաստանում ձևավորված է ջրի կառավարման հաջողված համակարգ, և հետաքրքիր կլինի օրինակելի այդ փորձը ներկայացնել եվրոպական երկրներին:

Մինչ այս տեղի է ունեցել երիտասարդ խորհրդարանականների 10 հավաք: Հաջորդը նախատեսվում է անկացնել 2013 թվականի մայիսին, և հյուընկալող երկրների թեկնածուների թվում Շվեյցարիայի ու Լատվիայի հետ միասին ներկայացված է նաև Հայաստանը: Վերջնական որոշումը ՀՀ-ի օգտին կայացնելու դեպքում, Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանը գալիք տարի Հայաստան կբերի 85 երիտասարդների եվրոպական բոլոր երկրներից:

Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը` ԱԺ նախագահը նշել է, որ այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարևորագույն հիմնախնդիրներց մեկն է: Արձանագրելով, որ Հայաստանում առկա զգալի ջրային պաշարների ոչ մեծ մասն է օգտագործվում, պարոն Աբրահամյանը նկատեց, որ, այդուհանդերձ, կա ակնհայտ առաջընթաց կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ: Խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու կազմակերպության աշխատանքներին, և Հայաստանը հաղթող ճանաչվելու պարագայում երիտասարդները ոչ միայն հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ-ում ներդրված ջրային կառավարման մեխանիզմներին, այլև մեր երկրի հարուստ պատմությանն ու մշակույթին: «Երիտասարդները ապագայի շարժիչ ուժն են, և կարևոր է նրանց մասնակցությունը համաշխարհային հնչեղություն ունեցող հիմնախնդիրների քննարկմանն ու լուծումների որոնմանը»,- նշել է Աբրահամյանը: