7 հունիսի 2012 - 10:15 AMT
«Առավոտ». ՀՀԿ–ն ոգևորված է

«Առավոտ» թերթը գրում է, որ «ՀՀԿ–ում» ոգևորություն է տիրում։ Թերթի տեղեկություններով պատճառն այն է, որ ՀՀ և ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կենտրոններից դրական «մեսիջներ» են ստացել։

«Փաստորեն` և ԱՄՆ–ը, և Եվրոպան, և Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար։ Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում է Սերժ Սարգսյանին` ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են օժանդակել և աջակցել Հայաստանի նախագահի շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ։ Բառացիորեն նույն ժամանակ Եվրոպայում ընդունում և գովերգում էին Տիգրան Սարգսյանին` ի դեմս ԵԺԿ նախագահ Մարթսենի, ով մեկ անգամ ևս շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակի և ընտրությունները բարձր անցկացնելու առթիվ։ Միաժաման ՀՀԿ–ում շոյված և ուրախ են նաև ռուսական ժեստից. Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպեց Հայաստանի վարչապետին, քննարկվեց հետագա համագործակցությունը և համատեղ ծրագրերը»,–գրում է թերթը։