7 հունիսի 2012 - 17:10 AMT
Չինարիում և Այգեպարում մարդիկ շարունակում են սովորական կյանքով ապրել

Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Այգեպարում իրավիճակն առանձնապես խուճապային չէ, մարդիկ շարունակում են բնականոն կյանքով ապրել, սակայն ավելի զգույշ են.

«Գյուղացիները գիտեն գյուղի որ հատվածներն են ապահով, որոնք` ոչ ու փորձում են զգույշ լինել, էլի շարունակվում են կրակոցները, սակայն անհայտ ուղղությամբ, չգիտենք` որ հատվածներին են կրակում` սահմաններին, թե գյուղի ուղղությամբ»:

Իսկ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ ասաց, որ Չինարիում մարդիկ խուճապի մեջ չեն և բնավ էլ չեն թաքնվել նկուղներում. «Շարունակում ենք ապրել սովորական կյանքով, այսօր էլ գյուղի դպրոցում ի դեպ քննություններ են»:

Հունիսի 4-ի առավոտյան Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը և վիրավորվել 6 զինվոր։

Հունիսի 5-ին Ադրբեջանը կրկին խախտել էր հրադադարի ռեժիմը `կրակ բացելով Տավուշի մարզի միանգամից մի քանի`Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ: