8 հունիսի 2012 - 10:40 AMT
Արեգ Միքայելյան. Երեկվա երկնային երևույթը երկնաքար չէր

Տարօրինակ երկնային երևույթը, որը երեկ դիտել են Երևանի բնակիչները, չէր կարող երկնաքար կամ գիսաստղ լինել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով` թեև ինքը սկզբնապես հայտնել էր, որ դա կարող է երկնաքար եղած լինի, լուսանկարների մանրամասն ուսումնասիրությունից հետո ինքը վստահ է, որ դա երկնաքար չէ կամ այլ տիեզերական մարմին:

Հունիսի 7-ի երեկոյան` ժամը 21:50-ի սահմաններում, մայրաքաղաքում, ինչպես նաև Հայաստանի մարզերում երկնքում տարօրինակ երևույթ է նկատվել` որը կոնաձև լուսային փայլատակում է թողել:

Տարօրինակ երևույթը շատ կարճ է տևել` մոտ կես րոպե։ Ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է և սկսել ասես սպիտակ ծխի տեսք ընդունել, այնուհետև անհետացել է:

Ականատեսների պնդմամբ` նման երևույթ նկատվել է նա 2009-ի դեկտեմբերին` Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթիռ է եղել: