8 հունիսի 2012 - 12:06 AMT
Իսրայելում հարյուրավոր մարդիկ ոստիկանություն են դիմել ՉԹՕ-ի թռիչքի մասին տեղեկատվությամբ

Իսրայելում հարյուրավոր մարդիկ ոստիկանություն են դիմել` պնդելով, որ հինգշաբթի երեկոյան ՉԹՕ են տեսել Լիբանանի հետ սահմանից դեպի հյուսիս, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ոչ մեծ լուսատու օբյեկտը տեսել են նաև պաղեստինյան տարածքների բնակիչները:

Իսրայելյան բանակի ներկայացուցիչներն այս կապակցությամբ հայտնել են, որ այդ գոտում ՌՕՈՒ ոչ մի գործողություն չի եղել:

Իսրայելի կենտրոնում գտնվող աստղադիտարանի տնօրենի խոսքով` աստղագետները նույնպես դիտել են օբյեկտը և, փորձագետի կարծիքով, դա երկնաքար չէր: «Այն ոչ մեծ մարմնի տեսք ուներ, այնուհետև սկսեց մեծանալ և պարուրաձև շարժումներ կատարել, ապա անհետացավ ամպերում»,- ասել է գիտնականը:

Հարկ է նշել, որ հունիսի 7-ի երեկոյան` ժամը 21:50-ի սահմաններում, Երևանում, ինչպես նաև Հայաստանի մարզերում նույնպես երկնքում տարօրինակ երևույթ է նկատվել, որը կոնաձև լուսային փայլատակում է թողել:

Տարօրինակ երևույթը շատ կարճ է տևել` մոտ կես րոպե։ Ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է և սկսել ասես սպիտակ ծխի տեսք ընդունել, այնուհետև անհետացել է:

Ականատեսների պնդմամբ` նման երևույթ նկատվել է նա 2009-ի դեկտեմբերին` Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթիռ է եղել:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի ընթերցողները, նման երևույթ դիտվել է նաև Կիպրոսում, Սիրիայում և Լիբանանում: