8 հունիսի 2012 - 14:02 AMT
Լեհ-ուկրաինական սահմանին երկրպագուներով մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել

Լեհ-ուկրաինական սահմանին երկրպագուներով մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել: Վարորդներն ավտոմեքենաները զարդարել են իրենց երկրների դրոշներով և Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խորհրդանիշներով, որպեսզի առանձնանան հերթերում:

«Դրանցով կարելի է որոշել, որ Ուկրաինա են ժամանում երկրպագուներ գրեթե ողջ Եվրոպայից»,- հաղորդել է Լվովի տարածաշրջանային մաքսատան վարչության պետ Սերգեյ Պոպազոգլոն:

Մաքսայինի խոսքով` հունիսի 5-ից Ուկրաինան և Լեհաստանը EURO-2012-ի ընթացքում համատեղ վերահսկողություն են սահմանել յոթ միջազգային ավտոմոբիլային անցակետերում և առանձին գծեր առանձնացրել երկրպագուների ավտոմեքենաների համար, ինչի շնորհիվ սահմանին փաստաթղթերի ստուգման ժամանակը կրճատվել է 2,5 անգամ:

Յուրաքանչյուր ավտոմեքենա կանգնում է ոչ ավել, քան մեկ րոպե: Փաստաթղթերը ստուգվում են մեկ անգամ լեհական կողմում: Սակայն երկրպագուները շարունակում են ժամանել` գոյացնելով կիլոմետրեր ձգվող հերթեր: