8 հունիսի 2012 - 13:10 AMT
Վանաձորի միգրատները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ դասընթացի են մասնակցել

Հունիսի 7-ին Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզի երիտասարդական կենտրոնն իրականացրել է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների» հերթական դասընթացը, որին մասնակցում էին միգրանտների ընտանիքների շուրջ 30 անդամներ։

ՀԵՀ-ի Լոռու մարզի երիտասարդական կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանի հաղորդմամբ, նման դասընթացներ իրականացվում են ոչ միայն մարզկենտրոն Վանաձորում, այլև գյուղական համայնքներում։ Դասընթացներին ներգրավվում են ինչպես միգրանտներ, այնպես էլ՝ նրանց ընտանիքի անդամներ։ Տեղեկատվական-կրթական սեմինարների նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը և կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում:

ՀԵՀ-ի Լոռու մարզային երիտասարդական կենտրոնում անցկացվում են նաև անհատական զրույցներ։ Կենտրոնի աշխատակից Օֆելյա Ստեփանյանը նշում է, որ անհատական զրույցների ընթացքում այցելուներին հետաքրքրում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղիները, վարակման դեպքում՝ հետևանքները։ Օֆելյա Ստեփանյանը նշել է , որ անհատական զրույցներին հաճախող մարդիկ հիմնականում որոշակի տեղեկություններ են ունենում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, սակայն շատ անգամ այդ գիտելիքները մակերեսային են ու չճշտված, և իրենց նպատակն է առավել ստույգ ինֆորմացիա հաղորդել ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, ախտորոշման, կանխարգելման վերաբերյալ։

Օֆելյա Ստեփանյանը նկատում է, որ այս թեմայով անհատական խորհրդատվության հիմնականում գալիս են կանայք՝ 18-ից մինչև 50 տարեկան։

«Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: