Էյմոն Գիլմոր. ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների ետևում

Էյմոն Գիլմոր. ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների ետևում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել ԵԱՀԿ 2012թ. նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նախագահող երկիրը Էյմոն Գիլմորի գլխավորությամբ հաջողությամբ կիրականացնի ստանձնած բարձր առաքելությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է պարոն Գիլմորի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան, ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահների այցելությունները լավ առիթ են տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին, նաև քննարկելու ԵԱՀԿ գործունեության հետ կապված հարցեր, տեսակետներ փոխանակելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում արձանագրված միջադեպերին:

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ և անվտանգ կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար կարևոր է հավատարիմ լինել կարգավորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խոսքով, ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների ետևում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը և գտնում է, որ հարցի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել:

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել սահմանին և շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրված միջադեպերի կապակցությամբ և նշել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են նման միջադեպերի կանխարգելմանն ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին և կազմակերպության երևանյան գրասենյակին՝ մեր երկրին ցուցաբերվող մշտական աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---