Հայաստանը ՄԱԿ և ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է Ադրբեջանի սանձազերծած դիվերսիաների մասին

PanARMENIAN.Net - Օրերս Նյու Յորքում և Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համապատասխանաբար ՄԱԿ-ի և ԵԱՀԿ անդամ երկրներին են տեղեկացրել Հայաստանի հետ սահմանին ու Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի ոտնձգությունների ու սանձազերծած դիվերսիոն գործողությունների մասին: Դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշել են. «Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012թ. Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` բյուջեի ավելացման վերաբերյալ առաջարկը, ինչը կարող էր գործնական հարթակ տեղափոխել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2011թ. մարտի Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ստեղծելու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմ։ Իր հայտարարության մեջ հայկական կողմը շեշտել է, որ մերժելով հետաքննման մեխանիզմի իրականացումը` Ադրբեջանն իր վրա է վերցնում հետագա հրադադարի խախտման և դա հետևանքով եղած զոհերի պատասխանատվությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դժբախտաբար ադրբեջանական կողմը շարունակում է մերժել վստահության ամրապնդման միջոցների կիրառումը, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահության և Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները` հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը և վերոհիշյալ հետաքննման մեխանիզմը»։

Հայտարարություններում նաև նշվում է, որ «հունիսի 4-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքները և նշել, որ լարվածության տեղափոխումը, իրավիճակի սրումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նշանակալի կերպով խոչընդոտում է բանակցային գործընթացին, ինչպես նաև վտանգում տարածաշրջանային անվտանգությունը: Այդպիսի գործողությունների բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---