Եզդիական համայնքի ներկայացուցիչ. Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են երկպառակտություն սերմանել եզդիների և հայերի մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական haqqin.az կայքն այսօր տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանի եզդի առաջնորդները կոչ են անում իրենց հայրենակիցներին միավորվել` դիմակայելու Հայաստանում ստեղծված թշնամական միջավայրին և ստեղծել ինքնավար, առանձին պետություն։

Հայաստանի եզդիական համայնքի անդամ, ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն ռադիոհաղորդումների ղեկավար Հասան Թամոյանը, մեկնաբանելով այս լուրն ասաց, որ սա ապատեղեկատվություն և սուտ է։

«Նախ ամենից առաջ ես չեմ հասկանում ովքեր են այդ առաջնորդները, քանի որ այնտեղ անուններ նշված չեն։ Եթե նշված լինեին անուններ, մենք կարող էին հանդիպել զրուցել, համոզվել կամ չհամոզվել այս ամենում։ Հիվանդ երևակայության տեր յուրաքանչյուր մարդ կարող էր նման ապատեղեկատվություն տարածել»,–ասաց Թամոյանը` բացառելով համայնքում նման խոսակցությունները։

Անդրադառնալով նույն կայքի այն տեղեկատվությանը, թե եզդիները դժգոհ են նորընտիր Ազգային ժողովից և ուզում են, որ խորհրդարանում իրենց հարցերով զբաղվեն միայն եզդիներն ու համայնքից ներկայացված լինեն 4 պատգամավոր, Թամոյանն ասաց.

«Ես դեմ եմ ԱԺ–ում եզդի պատգամավոր ունենալուն, որովհետև Հայաստանի այսօրվա գործող օրենսդրությունը, մասնավորապես այն օրենքները, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին` լուծել են այն հարցերը, որոնք հետաքրքրում են ազգային փոքրամասնություններին։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն պետք է ունենա մեկ գերխնդիր` պահպանելու իր ազգային դիմագիծը, իսկ այս հարցերն իրենց լուծումն արդեն ստացել են Հայաստանում»։

Թամոյանի խոսքերով, առանձին պետություն ստեղծելու մասին խոսակցությունները թուրքական էժանագին «դիվանագիտության» փորձերից մեկն է և նպատակ ունի երկպառակտություն սերմանելու հենց եզդիների և հայերի մեջ, որը չի ստացվի։

«Մենք մեր ճակատագիրը հայ ազգի հետ արդեն մի քանի դար է կապել ենք` հավատով, հույսով ու անկասկածորեն։ Մենք բոլոր ժամանակներում կանգնած ենք եղել կողք կողքի, որևէ խտրականություն չենք տեսել, որևէ տարբերություն չենք նկատել»,–հավելենեց նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---