9 սեպտեմբերի 2004 - 18:32 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին հանդիպել է երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, Ա.Մարգարյանը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլեւ նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Վարչապետը բարձր է գնահատել հարեւան Իրանի վարած հավասարակշիռ քաղաքականությունը եւ կառուցողական դերը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում: Միաժամանակ Ա.Մարգարյանը մատնանշել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ են նշել 2004թ. մայիսին Իրան-Հայաստան գազատարի կառուցման պայմանագրի ստորագրման փաստը, խոսել են Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի կառուցման եւ մի շարք ոլորտներում այլ ծրագրերի, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարների մասին: Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ ներկայացրել են երկու պետությունների տեսակետները, որոնք, ըստ նրանց, միանգամայն մոտ են իրար: «Մեր պետությունները համատեղ ջանքերով կարող են ուղի բացել դեպի Հյուսիս եւ ավելի ակտիվացնել առեւտրատնտեսական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը», - նշել է նախագահ Մ.Խաթամին: