Հայաստանի և Ճապոնիայի բուհերը շահագրգռված են համագործակցության ձևավորման և փորձի փոխանակման հարցում

Հայաստանի և Ճապոնիայի բուհերը շահագրգռված են համագործակցության ձևավորման և փորձի փոխանակման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը, որը Հայաստանում է երկու երկրների բուհերի միջև հնարավոր համագործակցության ձևավորման և փորձի փոխանակման նպատակով: Պատվիրակության ղեկավար Կենժի Յոշիգոն շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար` նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Ճապոնիա կատարած պետական այցի ընթացքում նա այցելել է նաև Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան:

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ միջբուհական փոխայցելությունները կնպաստեն տեղերում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: «Կրթությունն այն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում, և տարբեր երկրների դպրոցականների, ուսանողների, դասախոսների միջև ամրապնդված կապերը դուրս են այդ սահմաններից: Ճապոնիան ողջ աշխարհին հայտնի է իր ինտելեկտուալ, գիտական ներուժով, և Հայաստանում երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը հետամուտ է ԵՊՀ–ում ժամանակակից սարքավորումներով և որակյալ մասնագետներով համալրված ճապոներեն լեզվի կենտրոն հիմնելու, որը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հիմք կծառայի Ճապոնիայի մշակույթին, քաղաքակրթությանը, կրթությանը և պատմությանն առավել ամբողջական ծանոթանալու համար: Նա նաև առաջարկել է որևէ հանրակրթական դպրոցում ճապոներեն լեզվի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնել:

Հանդիպման ավարտին հյուրերն Արմեն Աշոտյանին հրավիրել են ներկա գտնվել Երևանում Տոկիոյի Սոկա համալսարանի հիմնադիր Դայսակու Իկեդայիի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---