13 սեպտեմբերի 2004 - 17:59 AMT
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ու խորհրդատվությունները շարունակվում են, դրանք տեղի կունենան նաեւ Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի ընթացքում»: Ինչպես հաղորդել է «Թուրան» գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեր պայմանն այն է, որ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մնացած հարցերը կարող են լուծվել հետագայում: Աստանայում կայանալիք բանակցություններից շատ բան կախված կլինի», ասել է Ալիեւը: Աղբյուրի համաձայն, պատասխանելով Բաքու հայ սպաների ժամանման հնարավորության մասին հարցին`Ալիեւն ասել է, որ միջոցառումը ՆԱՏՕ-ն է անցկացնում եւ Ադրբեջանը կոնկրետ ոչ մեկի չի հրավիրել: Միաժամանակ, նա հասկացրել է, որ շփումները պաշտոնական Երեւանի հետ տարբեր մակարդակներում բոլորովին էլ չեն նշանակում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխում: