13 սեպտեմբերի 2004 - 19:45 AMT
ՀՍՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վաղը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու սեպտեմբերի 14-16-ը կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, Հայաստանի պատվիրակության կազմում է նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստին, ինչպես նաեւ ԱՊՀ հերթական գագաթաժողովին: Կառավարությունների ղեկավարների նիստի օրակարգում զգալի տեղ է հատկացվել նաեւ տնտեսական բնագավառի հիմնախնդիրներին: Մասնավորապես, վարչապետները կանդրադառնան բազմակողմ առեւտրատնտեսական համագործակցության վրա բացասաբար ազդող որոշ հարցերի լուծման խնդրին: Դրանից բացի նախատեսվում է, որ վարչապետները մի շարք համաձայնագրեր կստորագրեն էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, ռազմական եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: