14 հունիսի 2012 - 17:43 AMT
ԱՄՆ դեսպանը հայ գործարարների հետ քննարկել է Հայաստանի շուկայի մրցակցային վիճակը

Հունիսի 14-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել «Մրցակցության խնդիրներ, վերլուծություն և լուծումներ» համաժողով, որին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը և մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ քննարկել են մրցակցության իրավիճակը Հայաստանում: Համաժողովը կազմակերպված էր ԱՄՆ ՄԶԳ / Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ/Ի-Դի-Էմ-Սի), ՀՀ ՏՄՊՊՀ-ի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) կողմից:

Համաժողովի նպատակն էր հակամրցակցային գործունեության բացահայտման և կասեցման ասպարեզում առկա գիտելիքներն ու լավագույն փորձը փոխանցել ԱՄՆ ՄԶԳ/Ի-Դի-Էմ-Սի ծրագրի թիրախային` բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, պտուղ-բանջարեղենի վերամշակման և դեղագործության ոլորտներում գործող ընկերություններին:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշել է, որ արդար մրցակցային դաշտի առկայությունը խիստ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի և բարեկեցության բարձր մակարդակի, այլ նաև միջազգային մրցունակության ապահովման ու սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, ինչին էլ ուղղված է Հանձնաժողովի գործունեությունը: ՏՄՊՊՀ նախագահը նաև կոչ է արել մրցակցային խնդիրների դեպքում անպայման դիմել հանձնաժողովին: