Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունիսի 14-ին այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան` 2012թ. գարնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

Հավաքակայանում Սեյրան Օհանյանը ծանոթացել է զորակոչիկների բուժզննման գործընթացին, զրուցել է զորակոչիկների, նրանց ծնողների ու հարզատների հետ, պատասխանել է նրանց հուզող հարցերին:

Օհանյանը նշել է, որ զինված ուժերի համալրումը ժամկետային զինծառայողներով կարևորագույն գործընթաց է ոչ միայն ՀՀ պաշտպանական գերատեսչության, այլև ամբողջ հանրապետության համար, ուստի զորակոչն ամենայն ուշիմությամբ վերահսկվում է` նախկինում ի հայտ բերված թերացումները չեզոքացնելու, զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար: Կարևորելով արդարության և օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացը` պաշտպանության նախարարը հավելել է, որ իր կողմից խիստ հրահանգներ են տրվել զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար՝ հաշվի առնելով զորակոչվողների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական ու կրթական ունակությունները:

“Զորակոչի անցկացման գործընթացում տարեցտարի մենք ունենում ենք շոշափելի արդյունքներ: Զորակոչի աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով”,- ասել է Սեյրան Օհանյանը և հավելել, որ ՀՀ զինված ուժերի համալրման հետ կապված խնդիրներ չկան, ԶՈւ ստորաբաժանումների համալրում ժամկետային զինծառայողներով իրականացվում է ըստ պլանի:

Պաշտպանության նախարարն ազգային բանակ զորակոչվող երիտասարդներին մաղթել է անվտանգ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` համբերատարություն և միաժամանակ հպարտություն` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---