15 հունիսի 2012 - 10:22 AMT
«Հրապարակ». ԵԱՀԿ նախագահի առջեւ անգլերենի իմացությամբ փայլել են ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները

«Հրապարակ» թերթը գրում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ Էմոն Գիլմորի հետ խորհրդարանական կուսակցությունների հանդիպումը հայերենով բացելով ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Արտակ Զաքարյանն այնուհետեւ խոսքը փոխանցել է ԱԺ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին։

«Վերջինս շատ արագ եւ առոգանությամբ սկսել է խոսել Ղարաբաղից եւ ընտրություններից`անգլերենի իր փայլուն իմացությամբ զարմացնելով պարոն Գիլմորին։ Կառուցողական ընդդիմությունից չի ցանկացել հետ մնալ արմատական ընդդիմության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը։ Նա եւս խոսել է ընտրությունների «կեղծված» արդյունքներից եւ բանտարկված ՀԱԿ ակտիվիստներից։ Դարձյալ անգլերենով։ Պառլամենտական մեծամասնության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը, տեսնելով, որ «իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից», ասել է, որ բոլոր երկրներում էլ ընդդիմության գործն իշխանություններից բողոքելն է։ Դարձյալ անգլերենով։ Արդյունքում բոլորով միասին խախտել են ՀՀ պաշտոնական լեզվի մասին օրենքը»,–գրում է օրաթերթը։