15 հունիսի 2012 - 14:23 AMT
Սփյուռքահայերը պատրաստ են ֆինանսավորել քաղաքի կառուցումը Արցախի ազատագրված տարածքներում

Հայ փախստականներն Ադրբեջանից ցանկանում են 100-հազարանոց բնակչությամբ քաղաք կառուցել ազատագրված տարածքներում՝ Զանգելանին հարակից տարածքում, որը կկոչվի Բագարան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը: Ըստ նրա, քաղաքը պետք է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունենա: Նա ասել է, որ քաղաքի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում ԼՂՀ իշխանությունների հետ, որոնց տնօրինության տակ են ազատագրված տարածքները: Ավագյանը նշել է, որ ադրբեջանահայերը ազատագրված տարածքների միակ իրավական տերերն են և ազատագրված տարածքները չեն կարող սակարկության առարկա լինել:

Ինչ վերաբերում է քաղաքի կառուցման համար անհրաժեշտ միջոցներին՝ Ավագյանն ասել է, որ իրենք արդեն բանակցել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Եվրոպայում բնակվող հարուստ հայ փախստականների հետ, որոնց մոտ այդ առաջարկն արձագանք է գտել: Ըստ նրա, փախստականները պատրաստ են անվտանգության երաշխիքների առկայության դեպքում տեղափոխվել և ապրել այդ քաղաքում: Իր հերթին, նախագահության մեկ այլ ներկայացուցիչ Էդուարդ Փոլադովը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի կառուցել Բաքվին ոչնչով չզիջող քաղաք, որը նրանք ստիպված էին լքել: «Մենք հուսով ենք, որ այդ քաղաքը Բաքվից գեղեցիկ կլինի և մեզ կհաջողվի վերստեղծել մեր Արմենիքենդը»,-ասել է նա:

Նա նշել է, որ Բագարանը պետք է ժողովրդների բարեկամության օրինակ դառնա տարածաշրջանի երկրների համար: