16 հունիսի 2012 - 11:56 AMT
Իտալիայում լույս է տեսել իտալացի լեռնագնացի «Արարատ` Նոյան տապանի հետքերով» գիրքը

Հունիսի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան, Հռոմի Ռոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները:

Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:

Դեսպանը նաև հավելել է, որ այս միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար:

Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում, մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: