16 սեպտեմբերի 2004 - 22:15 AMT
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Լատվիայի պաշտպանության գերատեսչության պետքարտուղար Էդգար Ռինկեւիչսին: Հանդիպման ընթացքում Է.Ռինկեւիչսը առանձնացրել է հնարավոր համագործակցության մի շարք բանագավառներ` հատկապես խաղաղապահ գործունեությունը եւ կրթությունը: Նա առաջարկել է հայ փորձագետների խումբ ուղարկել Լատվիա` խաղաղապահ գործունեությանը ծանոթանալու նպատակով: Կողմերը նշել են, որ երկու երկրների նախագահների ակնկալվող փոխայցելություններն էլ ավելի կսերտացնեն շփումները` հաղորդելով դրանց էապես նոր որակ: Իր հերթին Ս.Սարգսյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասն է կազմում: Տարեց տարի մեր համագործակցությունն ընդլայնվում է. անցյալ տարի ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժություններն անցկացվեցին Հայաստանում, նշել է ՀՀ պաշտպանության նախարարը: Մեր փոխգործակցությունն այսօր ամրապնդված է պայմանագրերով, ինչը լուրջ իրավաբանական հիմք է ստեղծում հետագա խորացման համար, չնայած մեր արտաքին քաղաքականությունում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, ասել է Ս.Սարգսյանը: Նշենք, որ պատվիրակության անդամներն այցելել են նաեւ հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին: