
ԱՄՆ-ի՝ միջազգային իրավունքին հակասող և երրորդ երկրներին առնչվող միակողմանի հակաիրանական պատժամիջոցների ներմուծումը հարված կհասցնի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին և միջազգային հարցերում փոխգործակցությանը: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Ուշակովի խոսքով՝ այդ թեման կբարձրացվի հունիսի 18-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունների ժամանակ Լոս Կաբոսում, որոնք տեղի կունենան նախքան G20 գագաթաժողովի բացումը:
«Եթե խոսենք Իրանի միջուկային ծրագրի մասին, ապա մենք կիսում ենք ԶՈԶ տարածումը թույլ չտալու ձգտումը, սակայն ատոմային էներգետիկան զարգացնելու՝ Իրանի իրավունքի անխոս ճանաչման պայմանով»,- ասել է Ուշակովը: