16 սեպտեմբերի 2004 - 23:49 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ
Հայաստանի խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, բացառությամբ ընդդիմությանը, դրական են գնահատել հանրապետության կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման առնչությամբ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի ներկայացուցչի զեկույցը: Ինչպես այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են «Օրինաց երկիր», ՀՅ «Դաշնակցություն», ՀՀԿ կուսակցությունների խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ներկայացուցիչը, ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի գնահատականն առ այն, որ Հայաստանը հիմնականում կատարել է ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները, օբյեկտիվ է: Եժի Յասկերնիայի զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը կատարել է ԵԽԽՎ բանաձեւի բոլոր պահանջները. հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, հանրահավաքներ եւ երթեր կազմակերպելու եւ անցկացնելու իրավունքը: Զեկույցում նաեւ նշվում է, որ հանրապետությունում ազատ են արձակվել մինչ այդ ձերբակալված ընդդիմության բոլոր ներկայացուցիչները: