18 հունիսի 2012 - 21:43 AMT
Ամփոփվել են Երևանի վարչական շրջանների աշխատանքների մայիս ամսվա գնահատման արդյունքները

Ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների մայիս ամսվա կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Արաբկիր վարչական շրջանները:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքի ամրագրումը:

Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություններ եռաստիճան կառավարման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքներին` ընդգծելով, որ հատկապես վերջինի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ դեռ բավականին անելիք կա:

Քաղաքապետը նկատել է, որ անհրաժեշտ է առավել ինտենսիվ աշխատանք տանել բազմաբնակարանների սեփականատերերի իրավունքների և պարտավորությունների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Ամփոփելով մայիս ամսվա ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ բացի վերոնշյալ գնահատումից վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում անձամբ է հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու կատարած աշխատանքը:

Վերջում քաղաքապետը նաև հիշեցրել է, որ հուլիսին վարչական շրջանների աշխատանքի գնահատման և վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար կկիրառվեն խրախուսման մեխանիզմներ, ինչն իր հերթին արդյունավետ խթան կհանդիսանա նաև մյուսների համար: