19 հունիսի 2012 - 20:44 AMT
Լեհական ոստիկանությունը EURO-2012-ի մեկնարկից ի վեր 515 մարդ է բերման ենթարկել

Լեհական ոստիկանությունը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկից ի վեր զանազան իրավախախտումների համար 515 մարդ է բերման ենթարկել, երեքշաբթի օրը հայտնել է Լեհաստանի ՆԳ նախարար Յացեկ Չիխոցկին:

Նախարարի տվյալների համաձայն` բերման ենթարկվածներից 362-ը Լեհաստանի քաղաքացիներ են, 153-ը` օտարերկրացիներ` առավելապես Ռուսաստանի քաղաքացիներ: Լեհերի մեծ մասը բերման է ենթարկվել հունիսի 12-ի անկարգություններից հետո: Այդ ժամանակ բերման էին ենթարկվել նաև ավելի քան 20 ռուսներ, սակայն հիմնական մասը ոստիկանությունում է հայտնվել հունիսի 16-ին` Ռուսաստան – Հունաստան հանդիպումից առաջ: Ներկա պահին նրանցից յոթը շարունակում են հսկողության տակ մնալ:

Բերման ենթարկվածներից մոտ 90-ը արագացված կարգով դատապարտվել են: Երկու ռուսներ կռիվների համար երկու և երեք ամսվա ազատազրկման են դատապարտվել, մնացածներն ազատ են արձակվել կամ էլ տուգանվել կամ պայմանական ժամկետի դատապարտվել:

Ինչպես նշել է Վարշավայում ՌԴ դեսպանատան մամլո քարտուղար Մարիա Չեկալևա-Դեմիդովսկայան, դիվանագիտական առաքելությունը պատրաստ է դատապարտված ռուսներին ազգականներից լիազորություններ ստանալուց հետո փաստաբանների օգնություն տրամադրել բողոքարկման համար: