19 հունիսի 2012 - 16:41 AMT
Մհեր Հովհաննիսյան. Ղարաբաղյան հակամարտության մասին հայկական ռեսուրսները գերազանցում են ինտերնետում ադրբեջանականներին

Ղարաբաղյան հակամարտության մասին հայկական ռեսուրսները գերակշռում են ինտերնետում ադրբեջանականների հանդեպ:

Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, վիրտուալ հայագիտության ու տեղեկատվության բաժնի վարիչ Մհեր Հովհաննիսյանը:

Ըստ նրա, դա ապացուցելու համար կարելի է ուղղակի «ղարաբաղյան հակամարտություն» հարցում տալ տարբեր որոնողական ռեսուրսներում: «Եթե մի քանի տարի առաջ այդ ոլորտում բազմաթիվ ադրբեջանական ռեսուրսներ կային, ապա այժմ վստահաբար կարող եմ ասել, որ գերակշռում են հայկականները: Եվ ոչ միայն հայկական ինտերնետ միջավայրում, այլ ընդհանուր առմամբ ինտերնետում, մասնավորապես Վիքիփեդիայում»,-ասել է նա:

Հովհաննիսյանը նշել է, որ հայկական ռեսուրսները հիմնականում դինամիկ զարգանում են, ի տարբերություն ադրբեջանական ռեսուրսների:

Նա նաև հավելել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ հայկական ռեսուրսների թվում առաջին պլան են դուրս գալիս հայկական գիտահետազոտական կենտրոնների կայքերը, մասնավորների փոխարեն, որոնք մինչ այդ տանում էին տեղեկատվական դիմակայությունն Ադրբեջանի հետ: