20 սեպտեմբերի 2004 - 23:00 AMT
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԱՉԱՓԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԴԱՌՆԱԼ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
Անկարայից Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատգամավոր Էրսյոնմեզ Յարբայն օրերս մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ԹԱՄԺ գլխավոր խորհրդի հավանությանն արժանացած Քրեական օրենսգրքի բարենորոգման նախագծում նախատեսվում է պատիժ ցեղասպանության համար: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, պատգամավորը, քննադատության ենթարկելով ցեղասպանության վերաբերյալ հոդվածը, հայտարարել է, թե «այդ ուղղումը» կարող է գլխացավանք դառնալ Թուրքիայի համար, քանի որ Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը փորձել է սփոփել պատգամավորին, նշելով, թե կատարվող ուղղումները հետադարձ գործողության ուժ չունեն: Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի բարենորոգման նախագծում երկրի պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվող հոդվածը նախատեսում է առավելագույն պատժաչափ` ցմահ բանտարկություն: Ավելացնենք նաեւ, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի բարենորոգումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցություններ սկսելու համար: