19 հունիսի 2012 - 16:25 AMT
«Հարսնաքարի» դեպքի հետ կապված քրեական գործը վերադարձվել է ոստիկանություն

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ չեղյալ է հայտարարվել որոշումը, որով Ավանի «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկների մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկվել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` նշելով, որ քրեական գործը կրկին ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու:

Նախաքննությունն իրականացնելու է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :