19 հունիսի 2012 - 17:22 AMT
Գործարկվել է Հայկական վիրտուալ համալսարանի թուրքերեն տարբերակը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից` hանդիպմանը ներկա էին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախկին տնօրեն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրել է նախարարության ծրագրերը` մասնավորապես նշելով «Արի տուն»-ը և «Սփյուռք» ամառային դպրոցը:

Նախարարը ներկայացրել է նաև նախարարության պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքերը:

ՀԲԸՄ նախագահ Պ.Սեդրակյանը ներկայացնելով միության ծրագրերը` հատուկ ընգծել է տաղանդավոր հայ երիտասարդներին աջակցության նախագծերը: Նա նշել է, որ արդեն գործարկվել է Հայկական վիրտուալ համալսարանի թուրքերեն տարբերակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի հայկական դպրոցների, արևմտահայերենի ուսուցման վիճակի, հայ երեխաների ու պատանիների Հայաստան ուղևորությունների և Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ այլ հարցեր: