19 հունիսի 2012 - 18:45 AMT
ԿԱՐԾԻՔ
Ղարաբաղի գծով միջնորդներ. Գառների լռությունը կամ դիվանագիտություն կյանքի գնով

Հունիսի 18-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Բնականաբար, հանդիպման մանրամասները չեն հրապարակվում, միայն հանդիպման ավարտին ՄԽ համանախագահներն ու նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ ըստ էության ոչ մի նոր բան չկար՝ կրկին մտահոգություն շփման գծում միջադեպերի առնչությամբ, հրադադարը պահապնելու կոչեր ու հակամարտությունը կարգավորելու հետագա ջանքերի հորդորներ:

Ստեփանակերտում, օրինակ, գտնում են, որ փարիզյան հանդիպումը նախապատրաստում էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման համար: Ժամանակը ցույց կտա:

Տառացիորեն անմիջապես համատեղ հայտարարությամբ հանդես եկան մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում G-20 գագաթաժողովին մասնակցող ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը:

Այս հայտարարությունը, որը չորրորդն է երեք երկրների տարբեր նախագահներից, նույնպես թարմությամբ աչքի չընկավ, նույնիսկ առանձին արտահայտությունների: Երկու խոսքով՝ նախագահները կոչ են արել կողմերին արագացնել ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը, հայտարարել են ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին, խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին և կրկին խոստացել են շարունակել իրենց ջանքերը:

Սակայն, խոսքը դրա մասին չէ, քանի որ այդ հայտարարություններից կարելի է մեջբերումներ անել, նույնիսկ առանց դրանք կարդալու:

Ինչպես և սպասելի էր, ոչ միջնորդները, ոչ էլ նրանց նախագահները իրենց հայտարարություններում այդպես էլ չհամարձակվեցին, կամ չցանկացան առերեսվել ճշմարտությանը և խոստովանել, թե ով է արգելակում բանակցային գործընթացը, ով է ուղղակի անտեսում միջնորդների բոլոր կոչերն ու առաջարկները, ում բացարձակապես չեն հուզում Եվրոպայում սահմանված սպառազինության ամեն տեսակի քվոտաները և ինչ-որ միջազգային սկզբունքներ: Հավանաբար, ինչ-ինչ սեփական շահեր (արդյո՞ք միայն նավթը) ստիպում են գերտերություններին «կուլ տալ» Ադրբեջանի նման արհամարհական վերաբերմունքն ու մոռանալ սեփական հայտարարություններում, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծելով ոչ միայն ռազմական դիրքերն, այլ նաև հայկական սահմանամերձ գյուղերը, իսկ այդ գյուղերում՝ մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոնցերը: Ընդ որում, գնդակոծում արդեն առանց քաշվելու, հենց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս այցի ժամանակ, որին, ի դեպ, դա առանձնապես չմտահոգեց:

Միջնորդները մոռացել են նաև ադրբեջանական ստորաբաժանումների մշտական դիվերսիաների մասին Հայաստանի ու Արցախի հետ սահմանին: Մոռացել են նաև այն մասին, որ այդ ադրբեջանական սադրանքների արդյունքում մարդիկ են զոհվում, ընդ դրում ինչպես ՀՀ և Արցախի ԶՈւ զինծառայողներ, այնպես էլ ադրբեջանցի անհաջողակ դիվերսանտներ: Ընդ որում, սեփական բանակի «մարտական ոգին» չխարխլելու համար Բաքվում հորինում են այդ դիվերսանտների մահվան ամենաաներևակայելի պատճառներ. նրանք, ինչպես արդեն բազմիցս գրվել է, «պայթում են ականների վրա, խեղդվում են Կուրում, ՃՏՊ զոհ են դառնում, պատահաբար կամ միտումնավոր ինքնասպան են լինում»:

«Չեն նկատում» բանակցողները նաև հաղորդագրությունները Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի դիպուկահարների տեղակայման մասին: Եվ այս ամենը դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու հորդորների լույսի ներքո:

Նման թողտվությունը Բաքվի հանցավոր գործողություններին մի տեսակ չի համապատասխանում ղարաբաղյան հակամարտությունը որքան հնարավոր է արագ ու խաղաղ լուծելու ձգտումների վերաբերյալ հայտարարություններին:

Դիվանագիտությո՞ւն է: Միայն թե միջնորդների այս դիվանագիտության համար Հայաստանն ու Արցախը վճարում են իրենց զավակների կյանքով:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News