19 հունիսի 2012 - 18:57 AMT
Կճշգրտվեն «Քաղաքատեղի Արտաշատ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու սահմանները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն անցկացրեց Լուսառատի համայնքապետարանում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, տարածքային կառավարման, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների, Լուսառատի և Փոքր Վեդիի համայնքապետերի մասնակցությամբ քննարկվեցին «Քաղաքատեղի Արտաշատ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու սահմանների ճշգրտմանը, այդ տարածքում գտնվող գյուղնշանակության հողերի օգտագործմանն առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պահպանական գոտում գտնվող գյուղնշանակության հողատարածքների սեփականատերերի կողմից գործունեության տեսակը փոխելու մտադրության դեպքում այդ մասին գյուղապետերի միջոցով կտեղեկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը` մասնագետների հետ հարցն ուսումնասիրելու և պատմահնագիտական տարածքի հնարավոր վնասումը կանխելու համար:

Անդրադարձ եղավ նաև համայնքների գերեզմանատան խնդրին: Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվեց համայնքապետերի հետ քննարկել այդ նպատակով նոր տարածքի հատկացման հարցը:

Հյուրերը նաև շրջայց կատարեցին պահպանական գոտու տարածքում, այցելեցին պեղումների վայր:

Փոխվարչապետն այնուհետև այցելեց Արարատի մարզպետարան, որտեղ մարզպետ Է. Բարսեղյանի հետ քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ավարտին և երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Նշվեց, որ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Երրորդ փուլով մարզին հատկացված 1,3 մլրդ դրամը հիմնականում կուղղվի դպրոցների, մշակույթի տների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ջրագծերի կառուցմանը, գազիֆիկացման աշխատանքներին:

Քննարկվեցին նաև համայնքային եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող և մի շարք այլ հարցեր, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: