19 հունիսի 2012 - 19:14 AMT
Երևանի քաղաքապետարանը կհանձնի 20-30 բարեկարգված խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ միասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ:

Բակերի համալիր բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում համագործակցելով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ, Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաև հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններ և մարզական գույք:

Կարևորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երևանյան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական. «Երևանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20-30 բարեկարգված խաղահրապարակներ կհանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին` հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին, առաջիկայում փոքրիկ երևանցիների համար կյանքի կկոչվեն նաև համատեղ այլ բարեգործական ծրագրեր. «Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին: Արդյունքն այսօր ակնհայտ է, երեխաներն անչափ ուրախ են և մեծանում է առողջ սերունդ»,-նշել է Լևոն Սարգսյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: