22 սեպտեմբերի 2004 - 19:31 AMT
ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԱՄՆ-ԻՑ
Սեպտեմբերի 15-ին Աստանայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միջնորդների հանդիպման նպատակը երկու երկրների ղեկավարների մոտ քաղաքական կամքի առկայության բացահայտումն էր: Այդ մասին Բի-բի-սիի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: «Մենք ասում ենք երկու կառավարություններին. ժամանակը ձեր օգտին չի աշխատում: Ավելի վատ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Տարածաշրջանային զարգացումը շրջանցում է Հայաստանին: Կառուցվում են խողովակատարներ, ճանապարհրներ, երկաթգծեր եւ Հայաստանը ձեռքից բաց է թողնում այն շահերը, որոնք կարող էր ստանալ ողջ տարածաշրջանի հետ տնտեսական ինտեգրումից: Երկիրը բարձր գին է վճարում բանակի համար, որին հարկադրված է պահել: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա երկրի բավական մեծ մասն օկուպացված է, երկրում փախստականների թիվը հասնում է համարյա մեկ միլիոնի: Եվ որքան երկար է տեւում հակամարտությունը, այն ավելի շատ է ձեռք է բերում մշտականի կարգավիճակ, ինչը չի բավարարում այդ երկրին», - ասել է Սթիվեն Մաննը: «Կարծում եմ, որ կան եւս երկու ասպեկտներ: Առաջինը, ողբերգություն է, որ երկու երկրներում մեծանում է երիատասարդների սերունդ, որը թշնամի է տեսնում ի դեմս հակառակ կողմի: Եվ դա շատ վատ է: Եւ երկրորդը, պատային իրավիճակում զարգանում է ծայրահեղականությունը: Որքան ավելի երկար ժամանակ չի արձանագրվում առաջընթաց, այնքան ավելի շատ հնարավորություններ կան, որ 5, 10, 15 տարի անց ծայրահեղականները կարող են օգտվել իրավիճակից», - ասել է միջնորդը: Նրա խոսքերով, կարեւոր է, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում կառավարությունը եւ ընդդիմությունը միավորվեն, «որպեսզի օրինականացնեն բանակցությունների գաղափարը, փոխզիջման գաղափարը»: Ընդ որում Ս.Մաննը նշել է, որ Մինսկի խմբի մանդատը կայանում է նրանում, որպեսզի ստեղծվի միջավայր, որտեղ երկու կողմերը կկարողանան լուրջ բանակցություններ վարել, այլ ոչ թե նրանում, որ լուծում գտնենք եւ «պարտադրենք այն կողմերին»: