20 հունիսի 2012 - 13:31 AMT
Տիգրան Սարգսյան. Մենք դավադրություններ չենք կազմակերպում, որի արդյունքում մարդիկ կարող են լքել երկիրը

ՀԱԿ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պատասխանել, թե արդյոք իր խոսքերն այն մասին, որ «իրենք նպաստում են արտագաղթին, որպեսզի երկիրը լքի այն կրիտիկական զանգվածը, որ անհրաժեշտ է հեղափոխության համար», կարելի է գնահատել որպես քաղաքական հայտարարություն: Ի պատասխան վարչապետն ասել է, որ իրենք տեղյակ են, թե ինչպես է ՀԱԿ-ը վերաբերվում իշխանություններին, ծանոթ են նաև նրանց գնահատականներին ու կարծիքներին նախագահ-վարչապետ և վարչապետ-խորհրդարան փոխհարաբերությունների մասին: Նա նշել է, որ նախագահ-վարչապետ և վարչապետ-խորհրդարան փոխհարաբերություններում նրանք աշխատում են որպես միասնական թիմ:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Սարգսյանն ասել է. «Մենք թափանցիկ ենք աշխատում, գաղտնի որոշումներ չենք կայացնում և դավադրություններ չենք կազմակերպում, որի արդյունքում մարդիկ կարող են լքել հայրենիքը»: Ըստ նրա, արտագաղթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատավարձով աշխատատեղեր, բարենպաստ մթնոլորտ կյանքի համար և արդարություն հաստատել երկրում:

Իր խոսքում վարչապետն ասել է, որ 90-ականներին երկիրը լքել է մոտ 1 մլն մարդ: