20 հունիսի 2012 - 14:07 AMT
Հունիսի 21-ին Լեոնիդ Ազգալդյանի մահվան 20-ամյակն է

Հունիսի 21-ին հերոս, «Ազատագրական բանակ» ջոկատի հիմնադիր և հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մահվան 20 – ամյակն է: Նա մինչև կյանքի վերջ մնաց ջոկատի հրամանատարը: Նրա մարտական ընկեր, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը մամլո ասուլիսի ժամանակ պատմեց, որ նա առաջիններից էր, ով Արցախյան շարժման ժամանակ հեռացավ հրապարակից, որովհետև գիտեր, որ պատերազմ է լինելու:

Ջոկատի ամբողջ գործունեության ընթացքում միայն 6 զինվոր է զոհվել պատերազմում: Նա նժդեհյան գաղափարախոսության կողմնակիցն էր, և առհասարակ, պատերազմի գլխավոր գաղափարախոսներից մեկը:

Գինոսյանը պատմեց, որ կհրատարակվի գիրք, և միջոցառումներ կանցկացվեն: Նա նաև առաջարկ է արել քաղաքապետարանին, որպեսզի նրա անունով դպրոց կամ փողոց անվանակոչվի: Կբացվի նաև Ազգալդյանին նվիրված կայք: Սպասվում են նաև այլ միջոցառումեր:

Նրա մյուս մարտական ընկեր, ջոկատի թիկունքի պատասխանատու Նորիկ Գալստյանը պատմեց, որ Լեոնիդը աչքի է ընկել նաև բարձր ինտելեկտով: Նա ընդունվել է Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, մաթեմատիկայի, ֆիզիկայի օլիմպիադաների մեդալակիր էր, ջրագնդակի թիմի ավագ էր, սահմանել էր ռեկորդներ լողից և վազքից:

Ազգալդյանի ջոկատի 27 ազատագրված բնակավայրերից 23-ը թուրքաբնակ գյուղեր են եղել: