20 հունիսի 2012 - 15:14 AMT
Բելառուսի դեսպանը Տարոն Մարգարյանին է հանձնել Մինսկի քաղաքապետի պաշտոնական հրավերը

Երևանի և բելառուսական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում: Կարևորելով Երևանի և բելոռուսական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռևս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր թարմացման կարիք ունի:

Ստեպան Սուխորենկոն իր հերթին ընդգծել է, որ Երևանի և Մինսկի միջև փոխգործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման հարցում լիովին կիսում է Երևանի քաղաքապետի դիրքորոշումը:

Դեսպանը Տարոն Մարգարյանին է փոխանցել Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյի պաշտոնական հրավերը:

Փոխգործակցության ընդլայնման ուղղություններն առավել հստակեցնելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու ստորաբաժանումներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր հնչած առաջարկությունները: