20 հունիսի 2012 - 18:46 AMT
Օսկանյանը Տիգրան Սարգսյանին. Ձեր թերությունն այն է, որ դուք չեք ընդունում ձեր սխալները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խստորեն դատապարտել է Տիգրան Սարգսյանի կառավարությունը և նրա ներկայացրած կառավարության ծրագիրը:

«Ձեր կառավարության թերությունն այն է, որ դուք չեք ընդունում ձեր սխալները: Այդպես է եղել վերջին տարիներին, դա արտահայտվեց նաև այսօր»,-հայտարարել է նա ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:

Ըստ Օսկանյանի, այն, ինչ կառավարությունը ներկայացնում է խորհրդարանում և այն, ինչ կատարվում է իրականում, բոլորովին չեն համընկնում: Նա նշել է, որ կառավարության պնդումը, թե վերականգնվել է ՀՆԱ մինչճգնաժամային մակարդակը, ճշմարտացի է միայն նոմինալի առումով: Ւսկ եթե հաշվի առնենք գնաճն ու տնտեսության աճի ներկայիս տեմպերը, ապա մինչճգնաժամային մակարդակը հասանելի կլինի միայն 2014թ.: Օսկանյանը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ կառավարությունը, որը հպարտանում է, որ ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճտավել, արել է դա պետության արտաքին պարտքի ավելացման դիմաց՝ ՀՆԱ 17 տոկոսից այն հասցնելով 45 տոկոսի:

Օսկանյանը նշել է նաև արտաքին ներդրումների կրճատումն ու աղքատության աճը: Ըստ նրա, նման մեծ անկման պատճառները երեքն էին՝ համաշխարհային ճգնաժամը, կառավարությանը բաժին հասած տնտեսության թերությունները, կառավարության սխալ քաղաքականությունը:

Հատուկ ուշադրություն է նա դարձրել ճգնաժամի հետ կառավարության պայքարին, հեգնանքով նշելով, թե այն դեպքում երբ 2008թ. ողջ աշխարհը խոսում էր ճգնաժամի մասին, Տիգրան Սարգսյանը ներկայացնում էր տնտեսական աճ ենթադրող բյուջե: «Պարզ է, որ անպատրաստ լինելով ճգնաժամին, մենք չկարողացանք դիմակայել նրան»,-ասել է Օսկանյանը:

Օսկանյանն անդրադարձավ նաև ծրագրով նախատեսված տնտեսական աճին, կասկած հայտնելով իրագործման առումով: Նա ասել է, որ ծրագրում կոնկրետ ոչ մի բան չկա խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մասին, մասնավորապես, նոր ԱԷԿ-ի կառուցմանը մեկ տող է նվիրված, կոնկրետ ոչինչ չի ասվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ժամկետների մասին:

Օսկանյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը չի կարող 7-տոկոսանոց տնտեսական աճ ապահովել անկախ Եվրոպայում տիրող իրավիճակից՝ նշելով, որ 2003-2007թթ. Հայաստանում միջին տնտեսական աճը 13 տոկոս էր:

Օսկանյանը նաև հեգնանքով նշել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները գոհ են ՀՀ կառավարության աշխատանքից: «Նրանք գոհ են ձեզանից, քանի որ դուք անում եք այն ամենն, ինչ նրանք ցանկանում են»,-ասաց նա՝ նշելով, որ վարչապետն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել իր մոնետար քաղաքականությունից: