20 հունիսի 2012 - 19:19 AMT
Էդուարդ Մարկարով. Այսօր երեկոյան ինձ անակնկալ է սպասվում, սակայն դեռ ամեն ինչ գաղտնի է պահվում

«Էդուարդ Մարկարովի ուղեղը համակարգչից արագ էր աշխատում, դա էր պատճառը, որ մրցակցի տուգանային հրապարակում միշտ հաղթող էր դուրս գալիս ու գրավում էր դարպասը: Չկար այնպիսի իրավիճակ, որից Էդիկը հաղթանակած դուրս չգար ու գոլ չխփեր»,- լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց սպորտի վարպետ, Երևանի պատվավոր քաղաքացի Հարություն Քեհեյանը:

Քեհեյանն ավելացրեց, որ Մարկարովը մեծ ներդրում ունի 1973 թվականին գրանցած «Արարտի» հաղթանակներում:

Հունիսի 20-ին Մարկարովի ծննդյան օրը Երևանի հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ մեծարման երեկո, որի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի վետերանները` Մարկարովի ընկերները, անցկացրին ընկերական հանդիպում: Խաղն ավարտվեց ոչ ոքի` 7:7 հաշվով: Հայաստանի կազմում երկրորդ գոլի հեղինակ դարձավ Մարկարովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Ալեքսանդր Միրզոյանը. «Այսօր դաշտում մենք ականատես եղանք գեղեցիկ ֆուտբոլի, որը ժամանակին խաղում էր Մարկարովը»:

«Նման հանդիպումները պետք է հաճախակի անցկացվեն, որպեսզի մեր վետերաններին չմոռանան: Այսօր երեկոյան ինձ անակնկալ է սպասվում, դեռ ամեն ինչ գաղտնի է պահվում»,- անխեղծացավ Մարկարովը: